Երեկ ռուսական որոշ ԶԼՄ-ներ էլ էին տարակուսել, որ Երևանում արգելվել է Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհին» ֆիլմի ցուցադրությունը:
Քանի օր է, ինչ սոցցանցերը հեղեղված են մեկնաբանություններով, հարցադրումներով, որոնք այդպես էլ պատասխան չստացան: Ինչո՞ւ է արգելվել ֆիլմի ցուցադրությունը, եթե պատճառը նրա պոռնոգրաֆիկ բնույթն է, ապա մեր հայրենակիցները առաջին անգամ չէ, որ նման բնույթի ֆիլմեր են դիտում: Ո՞վ, որտե՞ղ, ի՞նչ շրջանակներում է անցկացրել հարցումներ ու պարզել, որ մեր հանրության մի ճնշող հատված դեմ է այդ ֆիլմի ցուցադրությանը: Չէ՞ որ մինչև ականջներս կուշտ ենք անանուն ու անհասցե սոցիոլոգիական հարցումներից: Հետևաբար, անլուրջ է նման սոցհարցումների վկայակոչումը:
Խորհրդային իշխանության տարիներին էլ էին կինոթատրոններում պոռնոգրաֆիկ բնույթի ֆիլմեր ցուցադրում` տարիքային որոշակի սահմանափակմամբ: Բայց ոչ մեկի մտքով չէր անցնում ընդհանրապես որևէ ֆիլմի ցուցադրություն արգելել: Հիմա պարզվում է, որ մեծահասակներին էլ կարող են արգելել պոռնոգրաֆիկ ֆիլմ դիտել: Ասել է թե` սովետից մի քայլ էլ առաջ ենք անցել:
Իսկ ֆիլմը նախատեսված է այս տարի ցուցադրել Բեռլինի կինոփառատոնում: